Ավ․ Իսահակյան «Եղնիկը»

ԵՂՋԵՐՈՒՆԵՐ ԵՎ ԵՂՆԻԿՆԵՐ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…


Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Ջինջ-հստակ
  2. Նկարագրի՛ր եղնիկին:
    Եղնիկը ուներ մեծ հստակ սև աչքեր և երկար թարթիչներ:
  3. Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:
    Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
  4. Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
    Պատմվածքի հիմնական իմաստը հայրենասիրությունն է:
  5. Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:
    Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
  6. Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:
    Եղնիկը հեռացավ անտառ, որովհետև այնտեղ նրա տունն էր:
  7. Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։
    Ես կարծում եմ, որ այո, եթե նրա կողքը կա ընտանիքի մեծ անդամներից մեկը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով