Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

1-ին մաս

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. էր։ Կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը հովասուն ծառերով և կարկաչուն շատրվաններով՝ նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե ինչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երտասարդի շուրջը, ասում էին ու ծիծաղում:

Կարդալ ավելին