Ստեփան Զորյան | Մի գիշեր անտառում

Ես կարդացել եմ Ստեփան Զորյանի «Մի գիշեր անտառում» պատմվածքը: Այնտեղ պատմվում է անտառում գիշերելու մասին: Ահա ինձ ամենաշատ դուր եկած հատվածը.


Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մորի  քաղենք: Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի  այնտեղ։ Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա  փոթորիկը և նրա վեհ լռությունը։ Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան  անտառում։ Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։  Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր  կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մորին։ Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։ Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։  Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու  ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։ Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից  քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն  տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով